Google Քարտեզների օգտագործման լրացուցիչ պայմաններ վերջնական օգտագործողների համար

Վերջին անգամ փոփոխվել է 2025 թ․ հունիսի 4-ին

Օգտագործելով Google Քարտեզները կամ կողմնակի ցանկացած պրոդուկտ կամ ծառայություն, որն ինտեգրում է Google Քարտեզների հարթակի ծառայությունները՝ դուք, որպես վերջնական օգտագործող, պետք է ընդունեք (1) Google-ի օգտագործման պայմանները և (2) Google Քարտեզների օգտագործման լրացուցիչ պայմանները («Քարտեզների լրացուցիչ պայմաններ»)։ Քարտեզների լրացուցիչ պայմանները հղմամբ ներառում են Google Քարտեզների / Google Earth-ի և Google Քարտեզների / Google Earth-ի API-ների համար իրավական ծանուցումները։

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթղթերից յուրաքանչյուրը։ Այս փաստաթղթերը միասին կոչվում են «Պայմաններ»։ Դրանք սահմանում են, թե ինչ կարող եք դուք մեզնից ակնկալել մեր ծառայություններն օգտագործելիս, և ինչ ենք մենք ակնկալում ձեզնից։

Եթե ձեր ընկերության պրոֆիլը կառավարելու համար դուք Google Քարտեզներում օգտագործում եք վաճառողների համար նախատեսված գործառույթները, ապա այդ օգտագործման նմատմամբ կիրառվում են Google-ում ընկերության պրոֆիլի օգտագործման պայմանները, որոնք ներկայացված են https://support.google.com/business/answer/9292476 էջում։

Խորհուրդ ենք տալիս կարդալ մեր Գաղտնիության քաղաքականությունը, որում բացատրվում է, թե ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում, ինչու ենք հավաքում, և ինչպես դուք կարող եք թարմացնել, արտահանել և ջնջել ձեր տեղեկությունները։

  1. Լիցենզիա։ Քանի դեռ դուք հետևում եք այս Պայմաններին, Google-ի օգտագործման պայմանները տրամադրում են ձեզ լիցենզիա՝ օգտագործելու Google Քարտեզները, այդ թվում՝ գործառույթները, որոնք ձեզ թույլ են տալիս՝

    1. դիտել քարտեզները և դրանց վերաբերյալ ծանոթագրություններ ավելացնել․

    2. ստեղծել KML ֆայլեր և քարտեզների շերտեր․

    3. հրապարակել բովանդակություն՝ նշելով, թե ում է այն պատկանում, համացանցում, տեսանյութերում և տպագրական նյութերում։

  2. Թե ինչ գործողություններ կարող եք կատարել Google Քարտեզների միջոցով, իմացեք Google Քարտեզների, Google Earth-ի և Street View-ի օգտագործումը թույլտվությունների էջում։

  3. Արգելված վարվեցողություն։ Ձեր կողմից Բաժին 2-ի դրույթների պահպանումը Google Քարտեզների օգտագործման ձեր լիցենզիայի պայմանն է։ Google Քարտեզներից օգտվելիս դուք չեք կարող (կամ չեք կարող թույլ տալ ձեր անունից գործող այլ անձանց)՝

    1. վերատարածել կամ վաճառել Google Քարտեզների որևէ մաս, ստեղծել նոր պրոդուկտ կամ ծառայություն Google Քարտեզների հիման վրա․

    2. պատճենել բովանդակությունը (եթե դա չի թույլատրվում համաձայն Google Քարտեզների, Google Earth-ի և Street View-ի օգտագործումը թույլտվությունների էջում նկարագրված դրույթների կամ մտավոր սեփականության մասին կիրառելի օրենքով՝ ներառյալ բարեխիղճ օգտագործումը)․

    3. կատարել զանգվածային ներբեռնում կամ ստեղծել բովանդակության ֆիդեր (կամ թույլ տալ այլ անձանց անել դա).

    4. օգտագործել Google Քարտեզները, որպեսզի ստեղծեք կամ լրացնեք քարտեզագրման հետ կապված տվյալների ցանկացած այլ հավաքածու (այդ թվում՝ քարտեզագրման կամ նավիգացիայի տվյալների հավաքածուներ, ընկերությունների էջերի տվյալներով շտեմարաններ, փոստացանկեր և հեռախոսային մարքեթինգի ցանկեր)՝ օգտագործելու ծառայությունում, որը փոխարինում է Google Քարտեզները կամ Google Քարտեզներին էապես նման ծառայություն է, կամ

    5. օգտագործել Google Քարտեզների որևէ մաս այլ անձանց պրոդուկտների կամ ծառայությունների հետ իրական ժամանակում նավիգացիայի կամ ավտոմեքենաների ինքնավար կառավարման համար կամ դրանց հետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է Google-ի կողմից տրամադրվող որոշակի գործառույթների, օրինակ՝ Android Auto-ի միջոցով։

  4. Իրական պայմաններ և ռիսկի ընդունում Google Քարտեզների քարտեզագրական տվյալներ, ճանապարհային երթևեկության և երթուղիների մասին տեղեկություններ և այլ բովանդակություն օգտագործելիս դուք կարող եք հայտնաբերել, որ իրական պայմանները տարբերվում են քարտեզներում ներկայացված տեղեկություններից և բովանդակությունից, ուստի պետք է առաջնորդվեք ինքնուրույն դատողությամբ և օգտագործեք Google Քարտեզները ձեր սեփական ռիսկի ներքո։ Դուք լրիվ պատասխանատվություն եք կրում ձեր գործողությունների և դրանց հետևանքների համար։

  5. Ձեր բովանդակությունը Google Քարտեզներում։ Բովանդակությունը, որը դուք վերբեռնում, ուղարկում, պահում, փոխանցում կամ ստանում եք Google Քարտեզների միջոցով, կարգավորվում է Google-ի Օգտագործման պայմաններով, այդ թվում՝ լիցենզիայով, որը ներկայացված է «Ձեր բովանդակությունն օգտագործելու թույլտվություն» բաժնում։ Այնուամենայնիվ, բովանդակությունը, որը բացառապես մնում է ձեր սարքում (օրինակ՝ որպես սարքում պահված KML ֆայլ) չի վերբեռնվում Google կամ ուղարկվում Google-ին, ուստի չի կարգավորվում այդ լիցենզիայով։

  6. Պետական հաստատություններում աշխատող վերջնական օգտագործողներ։ Եթե դուք Google Քարտեզներն օգտագործում եք որպես պետական հաստատության ներկայացուցիչ, ապա ձեր նկատմամբ կիրառվում են հետևյալ պայմանները․

    1. Գործող օրենք։

      1. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության մունիցիպալ ու պետական կազմակերպությունների նկատմամբ չի կիրառվում Google-ի օգտագործման պայմանների՝ գործող օրենքին և տարածքային ընդդատությանը նվիրված բաժինը։
      2. Google-ի օգտագործման պայմանների՝ գործող օրենքին և տարածքային ընդդատությանը նվիրված բաժինը ԱՄՆ դաշնային պետական կազմակերպությունների համար ամբողջովին փոխարինվում է հետևյալով․ «Այս պայմանները կարգավորվում, մեկնաբանվում և իրագործվում են Ամերիկային Միացյալ Նահանագների օրենքների համաձայն՝ առանց հաշվի առնելու միջազգային մասնավոր իրավունքը։ Միայն դաշնային օրենսդրությամբ թույլատրված սահմաններում՝ (ա) կիրառելի դաշնային օրենքի բացակայության դեպքում կիրառվում են Կալիֆոռնիա նահանգի օրենքները (բացառությամբ Կալիֆոռնիայի օրենքներում միջազգային մասնավոր իրավունքի մասին դրույթները), (բ) սույն Պայմաններից կամ Google Քարտեզներից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ լուծվում է բացառապես Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա վարչական շրջանի դաշնային դատարաններում, և կողմերը ընդունում են այդ դատարանների անձնական իրավասությունը։

    2. ԱՄՆ կառավարության իրավունքների սահմանափակում։ Google Քարտեզների ցանկացած տեսակի օգտագործումը և կիրառումը ԱՄՆ դաշնային կառավարության անունից կամ դրա նպատակներով կարգավորվում է Google Քարտեզների / Google Earth-ի իրավական ծանուցումների «ԱՄՆ կառավարության իրավունքների սահմանափակում» բաժնով։